09.01.2026

Yerevan Fashion Week 2025. «Մեր նպատակը ինդուստրիայի զարգացումն է»

Նորաձևության պալատի հիմնադիր և Երևանի նորաձևության շաբաթվա կրեատիվ տնօրեն Վահան Խաչատրյանի հետ երկար զրուցել ենք Երևանի երրորդ նորաձևության շաբաթվա մասին. ինչ է փոխվել այս երեք տարվա ընթացքում, ինչ ակնկալել այս տարի և այլն։

Երևանում նորաձևության շաբաթ անցկացնելը մի ժամանակ կարծես անհավանական գաղափար թվար։ Բայց ահա արդեն երրորդ տարին է, որ այն կայանում է, ու ամեն անգամ ավելի մեծ մասշտաբով։ «Ամենամեծ տարբերությունը մեր, կազմակերպիչներիս, ձեռք բերած փորձն է, - ասում է Վահան Խաչատրյանը, - Առաջին տարին ամեն ինչ մութ սենյակում քայլելու պես էր։ էլեկտրականությունը հանկարծ գնաց, դրսում էլ +40 աստիճան շոգ էր։ Բայց հենց այդ փորձերն են մեզ սովորեցրել, որ կարող ենք դիմանալ ու գնալ առաջ»։

Այսօր Երևանի նորաձևության շաբաթն արդեն բոլորովին այլ մակարդակի վրա է։ Այս տարի առաջին անգամ տարբեր երկրներից վեց միջազգային դիզայներ են գալիս Հայաստան։ Սա Պալատի նախագծերից մեկի արդյունքն է, որի շրջանակում հայաստանցի դիզայներները մասնակցում են արտասահմանյան նորաձևության շաբաթների, իսկ հիմա նրանց գործընկերներն են գալիս Երևան։ «Սա փորձի ու ոճերի իրական փոխանակում է», — ասում է Վահանը։

Բացի դրանից, այս տարի սպասվում է 40 միջազգային հյուր՝ փորձագետներ ու մամուլի ներկայացուցիչներ։ Համեմատության համար՝ առաջին տարում նրանք ընդամենը 18 էին։ «Երբ մենք ամեն տարի դրսից էքսպերտների ենք հրավիրում, նրա համար չէ, որ ասեն՝ ինչ լավն եք ու գովեն մեզ։ Հրավիրում ենք, որ մեզ մեր թերությունները ցույց տան, ասեն որտեղ բարելավելու տեղ ունենք»։

Մեծ մարտահրավերները

Մեծ մարտահրավերները

Երևանի նորաձևության շաբաթն արդեն կայացած, քաղաքի հետ սերտ ասոցոցավող իրադարձություն է։ Այնպես որ թերևս զարմանալի չէ, քաղաքապետարանը աջակցում է նախագծին՝ ֆինանսավորելով է բյուջեի զգալի մասը, բայց մնացած մասը հայթայթելը մնում է ամենամեծ մարտահրավերը։ Վահանը անկեղծ է․ «Մեզ համար ամենաբարդը ֆինանսներ հայթհայթելն է։ Դեռ երրորդ տարին է, բայց մենք հստակ տեսնում ենք պոտենցիալը ու հավատում ենք, որ Երևանի նորաձևության շաբաթը կարող է դառնալ ռեգիոնալ մեծ իվենթ։ Ֆինանսներ ունենալու դեպքում նորաձևության շաբաթը պետք է լինի ոչ թե տարին մեկ, այլ երկու անգամ»։

Արվեստը հանդիպում է նորաձևությանը

Արվեստը հանդիպում է նորաձևությանը

Բացի հիմնական ցուցադրություններից, այս տարի նախատեսվում է նաև մի յուրահատուկ միջոցառում Ազգային պատկերասրահում։ Դիզայներները պիտի ընտրեն ոգեշնչման աղբյուր թանգարանի արվեստի գործերից և դրա հիման վրա ստեղծեն նոր հավաքածուներ։ Անցյալ տարի նմանատիպ նախագիծ նվիրված էր Փարաջանովին, իսկ այս անգամ այն լինելու է ավելի մասշտաբային ու բազմազան։ Այս ցուցադրությամբ էլ պաշտոնապես բացվելու է այս 2025-ի նորաձևության շաբաթը։

Երիտասարդներին տրված երազանքի հնարավորություն

Երիտասարդներին տրված երազանքի հնարավորություն

Արդեն երկրորդ տարին է, որ Երևանում անցկացվում է նաև Fashion Scout-ը, որի լիցենզիան Պալատը գնում է Լոնդոնից։ Սա հարթակ է երիտասարդ դիզայներների համար, որտեղ նրանք կարող են ցույց տալ իրենց աշխատանքները և հաղթելու դեպքում հնարավորություն ստանան ներկայացվելու հենց Լոնդոնի Fashion Week-ում։ «Երբ ես երիտասարդ էի, նման բան միայն երազանք կլիներ», — ասում է Վահանը։

Այս տարի մրցույթը նաև առանձնահատուկ հյուր ունի․ Իտալիայի հեղինակավոր Bolimoda դպրոցի տնօրենը և Ferragamo-ի նախկին գլխավոր դիզայները, լինելու է ժյուրիի նախագահ։ Նա էլ հենց կհայտարարի մրցանակը՝ ամառային դպրոցի կրթաթոշակ։

«Մենք ամեն տարի փորձում ենք նոր արժեք ավելացնել, ոչ միայն գեղեցիկ շոու անել։ Մեր նպատակը ինդուստրիայի զարգացումն է։ Ճիշտ է, երբեմն ուզում ենք մեծ, տպավորիչ շոուներ անել, բայց այս պահին մեր առաջնային խնդիրը ոլորտին օգնելն է, ոչ թե պարզապես հանդիսատեսին գոհացնելը»։

Հասարակության վերաբերմունքը փոխվում է

Հասարակության վերաբերմունքը փոխվում է

Հետաքրքրության անհամեմատ աճի վկայությունն են ամեն օր ստացվող տասնյակ նամակները՝ «վաճառքի տոմսեր լինելո՞ւ են»։ Թեև ցուցադրությունները հիմնականում փակ են, և ամեն դիզայներ ինքն է իր հյուրերին հրավիրում, այնուամենայնիվ կազմակերպիչները փորձում են գոնե մի մասը հասանելի դարձնել բոլոր ցանկացողներին, հատկապես՝ ուսանողներին։

Բայց, ինչպես Վահանը նշում է, կա նաև տխուր կողմ ևս․ տեղական մամուլը գրեթե անտարբեր է։ «Մամուլի ասուլիս ես անում, գալիս են ընդամենը չորս լրագրող։ Ասում են՝ վճարեք, կգանք։ Իսկ միջազգային մամուլից 40 մարդ է գալիս։ Պատկերացրեք՝ Vogue-ն անվճար գալիս է Երևան, այն դեպքում, երբ Միլանում անգամ բոլոր միջոցառումները չի լուսաբանում»։

Հայաստանյան դիզայներների միջազգային ներուժը

Դիզայներների վերաբերմունքն էլ տարիների ընթացքում փոխվել է։ Կայացածները մասնակցում են անկախ նրանից՝ կարիք ունեն թե ոչ, որովհետև գիտակցում են, որ սա երկրի համար կարևոր է։ Իսկ սկսնակները տեսնում են հեռանկար ու ձգտում ներգրավվել։ «Եթե կա ինդուստրիա, պետք է լինի նաև նորաձևության շաբաթ։ Ու պետք է լինի նաև մասնագիտական մամուլ։ Երբ Դալմայի ամսագիրը հայտնվեց, անկեղծորեն զգացի, որ մի մեծ քար ընկավ սրտիցս», — պատմում է նա։

Բոլոր նորեկներին Երևանի նորաձևության շաբաթվա կազմակերպիչը հորդորում է ակտիվ լինել, փորձել սեփական ուժերը, օգտագործել ընձեռնված հնաաարվորությունը, նպատակ դնել «Մենք կերազեինք ունենալ այն հնարավորությունները, որոնք ունի այս սերունդը»։ Ամեն դեպքում, մեր նորաձևության ոլորտը դեռ կայացման փուլում է։ Վահանն ասում է․ «Ցավոք դեռ չենք հասել այն հաջողություններին, որ ունեցել են, օրինակ, վրացիները կամ ուկրաինացիները։ Պատճառն այն չէ, որ մեր դիզայներները նրանցից պակաս տաղանդավոր են։ Պարզապես մեզ մոտ պակասում են երկու բան՝ PR-ը և բյուջեն։ Այսօր հենց դրանք են որոշում արդյունքը»։

Ըստ Վահանի՝ Վրաստանում պետությունը ճիշտ պահին մեծ ներդրումներ արեց նորաձևության ոլորտում, ու միանգամից ամբողջ աշխարհը սկսեց խոսել Թբիլիսիի մասին՝ որպես նորաձևության նոր կենտրոնի։ Հետո նույնը եղավ Ուկրաինայում։ Մեր հերթը դեռ չի հասել։ Բայց մենք այդ ճանապարհին ենք, անկասկած։ 

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ