30.12.2024

ՄՍՅՈ ԱԶՆԱՎՈՒՐ

Շառլ Ազնավուրի ստեղծագործական ճանապարհը՝ էմիգրանտական աղքատ մանկությունից մինչև առաջին բեմական փորձ ու համաշխարհային հռչակ։

ԿՈՆՏԵՔՍՏ

ԿՈՆՏԵՔՍՏ

Շառլ Ազնավուրն այնպիսի կերպարներից էր, որոնց մասին վաղ թե ուշ անպայման նկարահանում են մեծ, ճոխ, հավակնոտ կենսագրական ֆիլմեր։ Եվ ահա, մեծ հայի ու գուցե մեծագույն ֆրանսիացի արտիստի 100-ամյակին էկրաններ է բարձրանում «Մսյո Ազնավուրը»։ Կենսագրական ֆիլմերի դեպքում մշտապես հարց է բարձրանում ներկայացված իրադարձությունների հավաստիության մասին։


Այս անգամ, կարծես թե, կասկածներ չպետք է լինեն. ֆիլմի պրոդյուսեր Ժան-Ռաշիդ Կալյուշն Ազնավուրի դստեր՝ Կատիի ամուսինն է, և ֆիլմի գաղափարը հասցրել էր քննարկել նույնիսկ հենց գլխավոր հերոսի հետ (որը, ինչպես գիտենք նրա դերասանական կարիերայից, լավ կինոյից գլուխ հանում էր)։ Գուցե այդքան էլ համոզիչ չէր ռեժիսորական դիրքը՝ Մեհդի Իդիրն ու Գրան Կոր Մալյադը սկսնակներ չեն, իհարկե, բայց նաև մեծ բարձունքներ առայժմ չեն գրանցել։ Ամեն դեպքում, նրանց էր վստահվել նաև սցենարական գործը։



Մյուս կողմից, եթե նախագծին հավատացել է ու գլխավոր դերն է ստանձնել Թահար Ռահիմը, ուրեմն տակը մի բան միանշանակ կա։ Ռահիմի ընտրությունն Ազնավուրին մարմնավորելու համար թեթևակի իրարանցում էր առաջացրել համացանցի հայկական հատվածներում, որտեղ մարդիկ տարակուսում էին, թե մի՞թե հայազգի դերասան չկար հայազգի Ազնավուրի համար։ Անհանգստությունները, իհարկե,անիմաստ էին. Ռահիմը ոչ միայն ժամանակակից ֆրանսիական կինոյի ամենապահանջված ու կայացած աստղերից է («Մարգարե», «Նապոլեոն», «Մավրիտանացին» և այլն), այլև բնավ առաջին անգամ չէ էկրանին հայ կերպարի մարմնավորելու։ Մի քանի տարի առաջ գերմանացի Ֆաթիհ Աքինը նրան էր տվել հայոց ցեղասպանության մասին պատմող «Սպի» դրամայում գլխավոր դերը։


Ըստ Ֆրանսիայից եկած առաջին արձագանքների՝ ֆիլմի մեծագույն առավելությունը հենց Ռահիմի խաղն է, որն ամիսների նախապատրաստական աշխատանքներից հետո ամենայն մանրակրկտությամբ վերարտադրել է Ազնավուրի շարժուձևը, ձայնն ու ընդհանուր աուրան։ Ավելին, որոշ տեսարաններում Ռահիմն ի՛նքն է կատարում ազնավուրյան երգերը. երգչի մասին կենսագրական ֆիլմի համար կարևոր քայլ։ Չի անտեսվել նաև Ազնավուրի կյանքի հայկական բաղադրիչը․ֆիլմի սկզբում գլխավոր հերոսին տեսնելու ենք հայկական միջավայրում, կադրում կլինեն ֆրանսիական դիմադրության հերոսներ Միսաք ու Մելինե Մանուշյաններն ու կհնչի հայերեն խոսք։ Այդ բոլոր կերպարներին, այդ թվում մանուկ Վաղինակ-Շառլին, մարմնավորում են հայազգի դերասաններ (ապագա շանսոնյեի մոր դերում, օրինակ, Նարինե Գրիգորյանն է):

ԻՆՉԻՆ ԼԻՆԵԼ ՊԱՏՐԱՍՏ

ԻՆՉԻՆ ԼԻՆԵԼ ՊԱՏՐԱՍՏ

Պատրաստ եղեք վերապրելու Ազնավուրի կենսագրության բոլոր հայտնի ու անհայտ իրադարձությունները՝ շուրջ երեք տասնյակ ազնավուրյան երգերի ներքո։ Եվ շատ կարևոր հավելում․ ֆիլմը հայ հանդիսատեսին կներկայացվի ո՛չ ռուսերեն հնչունավորմամբ և ո՛չ էլ նույնիսկ օրիգինալ լեզվով, այլ՝ հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրը, օրինակ, էկրանից կխոսի Խորեն Լեւոնյանի ձայնով, իսկ մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Նարինե Գրիգորյանը, և ուրիշներ։ 

նմանատիպ նյութեր

Մեր կայքը օգտագործում է քեյթերներ՝ ձեր դիտարկման համար լավագույնը հասանելիությամբ դարձնելու համար։ Մեր կայքը օգտագործելով մեր կայքը, դուք համաձայնությամբ եք կառավարել քեյթերի օգտագործմանը մեր քեյթերի քարտով։ Մեծարենի մասնագիտականը կարող եք գտնել մեր Գաղտնիության քաղաքականություն & Օգտագործման պայմաններ